«... հին ժամանակներում, երբ քրիստոնեական աշխարհի իշխաններն ու զորքերը գնացին
նվաճելու Սուրբ Հողը, ոչ մի ազգ եւ ոչ մի ժողովուրդ այդքան պատրաստակամ եւ եռանդով
չեն օգնել, որքան հայերը՝ տրամադրելով զինվորներ, ձիեր, պաշարներ եւ խորհուրդներ…»: Հռոմի պապ Գրիգոր XIII, 1384
Կիլիկիայի հայկական թագավորությունը եղել է հայկական միջնադարյան պետություն, որը
հայտնի էր նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան: Իշխանության
հիմքը դրվել է 1080 թվականին Ռուբինյանների կողմից: Այն զբաղեցրել է պատմական Կիլիկիա
շրջանը՝ գտնվելով Մեծ Հայքից դուրս, Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում:
Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն
է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին։ Կիլիկիան նաև որոշ ժամանակ եղել
է միակ քրիստոնյա պետությունն ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն
անվանել են «քրիստոնյա կղզի իսլամի ծովում», քանի որ Մեծ Հայքը գտնվել է օտարների իշխանության
տակ:
Կիլիկյան Հայաստանի և Արևմտյան Եվրոպայի
երկրների միջև հաստատված ռազմական և տնտեսական կապերի շնորհիվ Կիլիկիա են մուտք գործել
ասպետություն, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը
վերածվել է ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ են վերցրել հայերից, ինչպես
օրինակ աշտարակների կառուցումը, եկեղեցաշինությունը և ճարտարապետության որոշ տարրեր։
14-րդ դարում Մամլուքների անխնա հարձակումներից հետո Կիլիկյան Հայաստանը 1375-ին
վերջնականապես կործանվել է:
Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Զ Լուսինյանը իր ընտանիքի և կաթողիկոսի հետ գերեվարվել
է Կահիրե մինչև 1382 թվականը։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի
Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382 թվականին Լևոնը գերությունից
ազատվել և մեկնել է Եվրոպա։ 1383 թվականի ամռանը նա հասել էԿաստիլիա, որի թագավորը
Լևոնին պարգևել է Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացել է օգնել նրան
վերականգնել Կիլիկիայի գահը։ Իր հովանավորի մահից հետո նա տեղափոխվել է Փարիզ՝ փորձելու
հաշտեցնել ֆրանսիացիներին և անգլիացիներին նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու և իր
հողերը վերականգնելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացել է 1393 թվականի նոյեմբերի
29-ին Փարիզում:
Wikipedia